Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իսրայել vs Իրան` որքա՞ն հեռուն կգնան

Իսրայել vs Իրան` որքա՞ն հեռուն կգնան
13.05.2018 | 10:16

Լարված «ստվերային պատերազմը» Իրանի ու Իսրայելի միջև հինգշաբթի արագ վերաճեց բաց առճակատման, երբ Իսրայելի ռազմական ինքնաթիռները խոցեցին տասնյակ իրանական ռազմական օբյեկտներ Սիրիայում: Դա կատաղի արձագանքն էր Իրանի հրթիռային հարձակմանը սիրիական տարածքից` մի քանի ժամ առաջ` գրում է The New York Times-ը: Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ կործանիչները ոչնչացրել են Իրանի «համարյա ամբողջ» ռազմական ենթակառուցվածքը Սիրիայում` ի պատասխան Իրանի արձակած 20 հրթիռների Իսրայելի տարածք, որոնցից ոչ մեկը նպատակակետին չի հասել: Իրանը հարվածեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը դուրս եկավ միջուկային համաձայնագրից` Թեհրանին այլևս չի զսպում Իսրայելի վրա հարձակման դեպքում միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու սպառնալիքը: «Իսրայելն իրեն առույգ զգաց նաև Ռուսաստանի անհավանական հանդուրժողականությունից` Սիրիայի ամենակարևոր դաշնակցի»` գրում է The New York Times-ը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որ չորեքշաբթ օրը 10 ժամ անցկացրեց Վլադիմիր Պուտինի ընկերակցությամբ, հինգշաբթի հայտարարեց իր նախարարներին, որ համոզել է ռուսներին հետաձգել Սիրիային ժամանակակից զինատեսակների վաճառքը:


Սիրիայի պատերազմը մոտենում է ավարտին և որոշ վելուծաբանների կարծիքով` դաշնակիցներ Ռուսաստանի ու Իրանի նպատակները սկսում են տարբերվել` Մոսկվան նախապատվությունը տալիս է Սիրիայի ուժեղ, կենտրոնացված կառավարմանը, Թեհրանը նախընտրում է առավել թույլ կառավարություն, որ գործողությունների ազատություն կտար Իրանի աջակցությունն ունեցող ռազմական խմբավորումներին:


Սպիտակ տունը դատապարտեց Իսրայելի հրթիռակոծումը և հերթական հարվածը հասցրեց Իրանի ֆինանսներին: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը միավորեց ջանքերը ԱՄԷ-ի հետ, որ ընդհատի տարադրամի փոխանակման իրանյան ցանցի աշխատանքը, որի օգնությամբ Իրանի Կենտրոնական բանկը իրականացնում է միլիոնավոր դոլարների փոխանցումը ԻԻՀ պահնորդների կորպուսին:
Կվերաճի՞ Իրանի ու Իսրայելի կոնֆլիկտը պատերազմի` վերլուծում են Tagesspiegel-ի լրագրողները: Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալուց ընդամենը երկու օր հետո Իրանի հրթիռային հարվածը Իսրայելի գրաված Գոլանի բարձունքներին հարուցեց բուռն պատասխան հարված Սիրայի իրանական ռազմական օբյեկտներին:


Թրամփի վարչակարգին քննադատում են, որ զոհեց համաձայնագիրը` չունենալով Իրանի հետ հարաբերությունների այլընտրանքային տարբերակ: ԱՄՆ նախագահը ևս մեկ հարված հասցրեց ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններին: «Իսրայելի զինված ուժերը գործնականում ամբողջությամբ ոչնչացրել են իրանական ինֆրակառույցները Սիրիայում»` հայտարարեց Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: «Մենք չենք ցանկանում գրավել Սիրիան ու խառնվել քաղաքացիական պատերազմին: Մենք հույս ունենք, որ մի օր նրանք կդադարեն խոսել Իսրայել պետության ոչնչացման մասին»` հայտարարեց Լիբերմանը` նկատի ունենալով Թեհրանը: Թրամփը փաստացի ազատ է արձակում Թեհրանի ձեռքերը միջուկային պայմանավորվածությունները կատարելու պարտականությունից: Համաձայնագրի ճակատագիրը հիմա կախված է Իրանից ու եվրոպացիներից: Թեհրանը ծրագրում է արդեն առաջիկա շաբաթներին վերադառնալ ուրանի հարստացմանը: Tagesspiegel-ի լրագրողները կասկածում են, որ Թրամփին կհաջողվի ծնկի բերել Իրանին: Համարյա 40 տարի ԱՄՆ-ն առանց որևէ հաջողության փորձում է գահընկեց անել կրոնապետության ղեկավարներին: Նոր պատժամիջոցները ևս չեն հանգեցնի վարչակարգի կոլապսին: Ավելին` Թեհրանի «գիշանգղները» իրենց պնդումների հաստատումը ստացան:

«Համաձայնագիրն ի սկզբանե ճակատագրական սխալ էր` սատանան ի դեմս ԱՄՆ-ի նորից ցույց տվեց իր իրական դեմքը և ուզում է ոչնչացնել Իրանը»` հայտարարում են նրանք: Թրամփը վստահ է, որ ճնշումն ու պատժամիջոցները ավելի արդյունավետ են բանակցություններից: Կիմ Չեն Ինի բանակցությունների պատրաստակամության մեջ նա տեսնում է իր քաղաքականության անմիջական արդյունքները, որի շրջանակներում Փխենյանին սպառնում էր պատերազմով: Ճիշտ է` Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից Թրամփի դուրս գալը Կիմին պիտի ազդանշան տա, որ ԱՄՆ-ը հուսալի գործընկեր չէ` գրում են Tagesspiegel-ի լրագրողները:
Գոլանի բարձունքների հրթիռակոծումը Սիրիայի տարածքից չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը, որ վերագրվում է Իրանին և Իսրայելի պաշտպանության բանակի զանգվածային պատասխանը աննախադեպ լարում են իրավիճակը: Իսրայելը, որ մի քանի շաբաթ կրակում էր Սիրիայում Իրանի դիրքերի վրա, բարոյական աջակցություն է զգում Թրամփի որոշումից և հիմա ցանկանում է ցույց տալ իր հզորությունը` գրում է Liberation-ում Գիյոմ Ժանդրոնը: «Նրանք պետք է հիշեն, որ եթե մեզ մոտ անձրև է գալիս, մյուս կողմում ջրհեղեղ է լինելու»` հինգշաբթի առավոտյան հայտարարեց Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: Միջազգային ճգնաժամային խմբի գլխավոր վերլուծաբան Օֆեր Զալցբերգի կարծիքով` Իսրայելի ղեկավարությանը «իշխում է նոր դարաշրջան սկսվելու զգացողությունը»:

«Իսրայելցիներն իրենց ազատ են զգում, ինչպես երբեք` ոչ միայն ԱՄՆ-ն է ամբողջովին աջակցում, այլև ռուսները տվյալ պահին չեն խառնվում»` ասում է նա: Թել Ավիվը նոր «կարմիր գծեր ունի»` նա չի հանդուրժի Իրանի ռազմական ներկայությունը Սիրայում` կարծում է Ժանդրոնը: «Սկզբից մենք ձգտում էինք միայն կասեցնել տեխնոլոգիաների փոխանցումը Հըզբոլլահին,- ասում է Յակով Ամիդրորը` Նեթանյահուի` ազգային անվտանգության նախկին խորհրդականը:- Բայց քանի որ Իրանը իր ռազմական մեքենան ծավալեց մեր սահմանից 15 կիլոմետրի վրա և խախտում է մեր ինքնիշխանությունը անօդաչուների միջոցով, խաղի պայմանները փոխվեցին»: Ոչ միայն Իրանի կողմից` Իրանի միջուկային ծրագրից դուրս գալով` Թրամփը տարածաշրջանային հավասարակշռությունը փոխեց: «Իրանը հանկարծ ավելի թույլ դարձավ` Թեհրանը հիմա պիտի ինքնավերահսկողության ապացույցներ ներկայացնի, որ չկորցնի եվրոպացիներին»` բացատրում է Զալցբերգը: Նեթանյահուն, որ համարվում է ռազմական գործողությունների թատերաբեմում գերզգույշ, համենայն դեպս համարեց, որ Թրամփի որոշմանը հետևած ստագնացիան «նվազագույն ռիսկի շրջանն է իրականացնելու վաղուց ծրագրածը»` ըստ Զալցբերգի: Նա նշում է, որ Իրանի ԶԼՄ-ները նվազեցրել են հրթիռակոծումների ծավալները, որը հուշում է` Թեհրանը չի ցանկանում իրավիճակը սրել: Իսրայելը ամեն ինչ հաղորդում է չափից դուրս մեծ ներկայացնելով և հասարակական կարծիքը, կարծես, բավարարված է: Երկու կողմերն էլ ինչ-որ չափով իրենց ներդրումն են ունեցել, որ հիշեցնում է ավարտական ռաունդը, ցիկլի վերջը:


Մնում է երկու անհայտ` Իսրայելի հանդգնությունը (այս շաբաթ էներգետիկայի նախարարը Ասադին «վերացնելու» գաղափար առաջադրեց) և Թեհրանի «մեծ տրամաչափի զենքը»` լիբանանյան «Հըզբոլլահը»: «Երբ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի օրը մեկնեց Մոսկվա բանակցելու, նա հազիվ թե ավելին կարող էր անել Պուտինի բարյացակամությունը շահելու համար»` գրում է The Times-ը` հիշեցնելով, որ Նեթանյահուն ներկա էր հաղթանակի օրվա շքերթին ու Գեորգիևյան ժապավեն էր կրում պիջակի լացկանին: Նա Մոսկվային «զգուշացրեց պատասխան հարվածի բնույթի մասին, որ կհասցնի Իսրայելը Իրանից սպասվող գրոհի դեպքում»` գրում է The Times-ը: Հրթիռակոծության փոխանակումը հաջորդեց հանդիպմանը: Գոլանի բարձունքներին հարվածելը չպիտի համարվի Իրանի ու Իսրայելի կոնֆլիկտի լուրջ լարում: Իրանը սահմանափակեց իր հարվածները Գոլանի բարձունքներով, Իսրայելը` Սիրիայով` ձեռք չտալով Իրանի ու Լիբանանում «Հըզբոլլահի» ստորգետնյա օբյեկտներին: Դա թույլ է տալիս ենթադրել, որ Իսրայելը, Իրանը և, որ կարևոր է` Ռուսաստանը հասկանում են` որքան հեռուն կարելի է գնալ կոնֆլիկտում: Բայց դա վտանգավոր ձեռնածություն է` Իսրայելը փորձարկում է Պուտինի համբերությունը` «Ավիգդոր Լիբերմանը` Իսրայելի Պնախարարը, վերջերս ասաց, որ եթե Ռուսաստանը Սիրիային վաճառի С-300-ներ, Իսրայելը կոչնչացնի համակարգերը»:
InoPressa


Հ.Գ. Թեհրանի միջուկային համաձայնագրից դուրս գալով` Դոնալդ Թրամփը փորձում է միանգամից մի քանի հարց լուծել` փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը` թուլացնելով Ռուսաստանի ներգործությունը, Իրանը կրոնապետությունից վերածել ժամանակակից ժողովրդավարության` ըստ ԱՄՆ պատկերացումների, և հընթացս նախազգուշացնել, թե ինչ կարող է լինել ընտրությունների գնացող Էրդողանի ու Թուրքիայի հետ: Պատահական չէ, որ Էրդողանը դատապարտեց Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու Վաշինգտոնի քայլը: Փոխվում է նաև Ռուսաստանի քաղաքականությունը` սկսում են տարբերություններն ու հակասությունները Սիրիայում Մոսկվայի ու Թեհրանի շահերի միջև: Իսրայելին քարտ բլանշ տալը Թեհրանը Մոսկվային չի ների` թեպետ կհասկանա ու գոհ կլինի Թրամփը: Ռուսաստանի խաղը չափազանց բազմավեկտոր է դառնում Սիրիայում ու Մերձավոր Արևելքում: Հավելեք, որ մի քանի օրից Սանկտ Պետերբուրգում հանդիպելու են ՌԴ ու Ֆրանսիայի նախագահները, և երկկողմ հարաբերություններից զատ օրակարգում լինելու են Մերձավոր Արևելքը, Իրանի միջուկային ծրագրից Վաշինգտոնի դուրս գալը ու հաստատ հայկական թավշե հեղափոխության ու ԼՂՀ հարցի քննարկումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ